2018-ից հետո բոլոր նախարարներն էլ հավանական շարունակողներ են, այդ թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ իրական քաղաքական փոփոխությունները սկսվելու են 2018 թվականի ապրիլից հետո, երբ կավարտվի ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետը:
«Այս շրջանը անցումային է, որը սահմանված է Սահմանադրությամբ, երբ աստիճանաբար նախագահական համակարգից լիազորությունները անցնում են պառլամենտին ու կառավարությանը»,-ասաց նա:
Հարցին, թե անցումային շրջանը բացասաբար չի՞ ազդի կառավարության աշխատանքի վրա՝ հաշվի առնելով, որ նրանք նույնպես գիտակցում են, որ իրենց հետագա պաշտոնավարումը հարցականի տակ է, պատգամավորը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ կառավարության կարգավիճակն է այդպիսին: Ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական տվեց ու նորից ձեւավորվեց կառավարություն, այդպես է լինելու նաեւ 2018 թվականին: Եթե հիմա կառավարությունը ձեւավորվում է նախագահական համակարգի գործուն մասնակցությամբ, ապա 2018-ից հետո միայն պառլամենտն է ձեւավորելու: Նոր կառավարությունը չի նշանակում ունենալ նոր նախարարներ: Տեսեք, նոր կառավարություն ձեւավորվեց եւ արդարացիորեն շատ փոփոխություններ չեղան, որովհետեւ ձեւավորվել էր ինը ամիս առաջ եւ ինը ամիսը մեկ փոխել նախարարին, դա նշանակում է՝ խոստովանես, որ ճիշտ չես նշանակել: Երկրորդը՝ պետք է տալ հնարավորություն, որ նա շարունակի իր ոլորտում փոփոխություն իրականացնել»:
Ըստ պատգամավորի՝ չկա քաղաքական որոշում՝ կառավարության անդամները 2018-ից կշարունակե՞ն պաշտոնավարել, թե ոչ. «Քաղաքական որոշում չկա եւ չի էլ լինելու, որ նախարարները կշարունակեն նաեւ 2018-ից հետո, պետք է իրենց աշխատանքով ապացուցեն, որ արժանի են: Դա ընդունված նորմ է եւ պետք է նաեւ հանրության մեջ ընկալելի լինի»,-ասաց նա:
Ըստ Սամվել Նիկոյանի՝ 2018-ից հետո բոլոր նախարարներն էլ հավանական շարունակողներ են, այդ թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանը:





























