Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը մեկնաբանել է ադրբեջանական haqqin.az գործակալության՝ հայկական կողմում ադրբեջանցի գերի երեխաների բացակայությունը «հերքելու» փորձը։ Ի դեպ, դրա համար ադրբեջանական գործակալությունը օգտագործել է  NEWS.am-ի հետ հարցազրույցի ենթատեքստից դուրս բերված մի հատված։

«Չեմ հիասթափեցնի հոդվածի հեղինակին եւ նույնքան օպերատիվ կարձագանքեմ։ Իմիջիայլոց, մեր աշխատանքում մենք միշտ փորձում ենք արձագանքել ժամանակի խելամիտ շրջանակում, որպեսզի հարցը չկորցնի իր արդիականությունը, իսկ անտեղյակ բնակիչները չկասկածեն մեր իրավացիությանը։

Հոդվածի ավարտին հեղինակը, իր կարծիքով, հռետորական հարց է տալիս։ Դե ինչ, խախտելով հարցի ընկալման էութունը, կպատասխանեմ. Այո, պարոն լրագրող, ես հարցեր ունեմ, եւ դրանք քիչ չեն։ Բայց մեկ հարց էլ ես Ձեզ կտամ՝ միթե Աշոտ Աբրահամյանի հարցազրույցի ենթատեքստից հատվածներ մեջբերելով, դուք հույս էիք տածում, թե հետաքրքրասեր ընթերցողը, ցանկանալով ծանոթանալ այդ ոչ անհայտ հարցազրույցին, չի տեսնի, թե ինչ է նախորդում նրա՝ ձեր կողմից մեջբերված խոսքին։ Ուշադրությամբ կարդացեք ամբողջ պարբերությունը, ընկալեք նրա ասածը, եւ այդժամ, Դուք, հնարավոր է, կտեսնեք ճշմարտությունը։ Բոլորս գիտենք, որ մինչեւ այդ ժամանակվա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծրագրում էր Խոջալուի սեփական ազգաբնակչության ոչնչացումը, հայկական զինված խմբավորումները միջանցք թողեցին խաղաղ բնակիչների առանց խոչընդոտ հեռանալու համար, որոնց թվում, իհարկե, կային կանայք ու երեխաներ։

Նկատեք, հայ զինվորները փրկել են ադրբեջանցի կանանց ու երեխաներին, իսկ այդ ժամանակ ադրբեջանցի զինվորները կրակում էին նրանց ուղղությամբ։ Այո, հայերը ադրբեջանցի կանանց ու երեխաներին ավտոբուսներ են նստեցրել, բայց միայն մարտական գործողությունների գոտուց նրանց դուրս գալու եւ փրկվելու համար։ Եւ այո, ադրբեջանցի երեխաներին կերակրել են իրենց ունեցած շաքարով, քանի որ նրանք անմեղ երեխաներ էին։ Հենց այդ մասին է խոսում Աշոտ Աբրահամյանը, հենց այդ մասին է նա իրազեկում հասարակ մարդկանց, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում։

Գիտեք, եթե գրում ենք պատերազմի ողբերգությունների մասին, եկեք օբյեկտիվ լինենք։ Եվ եթե վկայակոչում ենք հայ հրամանատարի հարցազրույցը, ապա ներկայացրեք այդ տեքստն ամբողջությամբ՝ առանց որեւէ լրագրողական հնարքի կամ ասվածը բովանդակության սահմաններից դուրս բերելու փորձերի։

Ինձ հայտնի չեն հայերի կողմից փրկված բոլոր ադրբեջանցի երեխաների հետագա ճակատագրերը, բայց մի բան վստահությամբ կարող եմ ասել՝ երեխաները, որոնց մասին ասել է Աբրահամյանն իր հարցազրույցում, փրկվել են։ Եվ եթե այդ ժամանակ նրանք փրկվել են մահից եւ կերակրվել, դա ամենեւին չի նշանակում, թե նրանք գերության մեջ են, ինչպես դա փորձում են հասարակությանը ներկայացնել որոշ ադրբեջանցի պաշտոնատար անձինք եւ լրատվամիջոցներ։

Եվ վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ այս թեմայի շուրջ արդեն խոսել է Արցախի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը։ Կարծում եմ՝ ադրբեջանցի պարոն լրագրողների համար դժվար չի լինի ծանոթանալ տվյալ հայտարարությանը», - հայտարարել է Արմեն Կապրիելյանը։