Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բակից հունիսի 4-ին մեկնարկել է «Առողջ բժիշկ» ծրագրի շրջանակներում անցկացվող դեպի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան հեծանվարշավը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) եւ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից իրականացվող այս հեծանվավազքով եզրափակվել է «Առողջ բժիշկ» ծրագիրը, որի ընթացքում եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները մասնակցել են ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի մրցաշարերի:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը նկատել է, թե տարբեր առիթներով բավականին երկար ու շատ խոսում ենք առողջ ապրելակերպի քարոզչության մասին, բայց ծրագրերի մեջ դրանք տեսակարար կշռով այդքան էլ շատ չեն լինում. «Դրա համար մենք ուզում ենք այս ծրագրերը դարձնել ավելի տեսանելի, ավելի շատ, որպեսզի իրականում մեր ուսանողությունը, երիտասարդությունն առողջ ապրելակերպը դարձնի իր առօրյան, կենսակերպը»:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը նշել է, որ այս ակցիայի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ հասարակության շրջանում. «Մենք քարոզում ենք չծխել, փորձում ենք նպաստել, որպեսզի ուսանողների մոտ ծնվի ցանկություն մշտապես, ոչ թե միանգամյա հեծանվաարշավներ կազմակերպել»:
Մինչեւ Զվարթնոցի տաճար հասնելը ուսանողները կանգառներ են կատարել: Հերթական կանգառին ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի ուսանողուհի Մանե Թադեւոսյանը համոզմունք է հայտնել, որ մինչեւ տաճար անպայման հեծանվով է գնալու. «Այդքան էլ դժվար չէ. ճանապարհը հարթ է: Հեծանիվ քշել շատ եմ սիրում, ուստի չէի կարող առիթը բաց թողնել: Մեկ-մեկ նույնիսկ դասի գնալուց կամ տուն վերադառնալուց էլ եմ հեծանիվ քշում»:
Զվարթնոցի թանգարան-արգելոցում ուսանողների համար էքսկուրսիա է կազմակերպվել. երիտասարդները ծանոթացան տաճարի պատմությանը:





























