ԴԱՀԿ-ում աճուրդային գործընթացի մատչելիությունը եւ թափանցիկության պետք է բարձրանա: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԴԱՀԿ-ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է զեկուցվել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված եւ արդեն կատարված հանձնարարականների մասին: Ամփոփվել է նաեւ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը: Անդրադարձ է կատարվել Ծառայության բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ նախորդ ամսվա վիճակագրական ցուցանիշների հետ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն առանձնակի ուշադրություն է հրավիրել Ծառայությունում հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացման ընթացակարգի բարելավմանը եւ հանձնարարել է իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին սեղմ ժամկետում առաջարկներ ներկայացնել աճուրդային գործընթացի մատչելիության եւ ընդհանուր թափանցիկության էլ ավելի բարձրացման վերաբերյալ:

Կառույցի ղեկավարին, ըստ օրակարգի, զեկուցվել է նաեւ քաղաքացի – հարկադիր կատարող շփումները հնարավորինս կրճատելուն եւ քաղաքացիների համար Ծառայության գործառույթներն առավելապես հասանելի ու բաց դարձնելուն ուղղված հանձնարարականի արդյունքները, համաձայն որի՝ Ծառայությունը շարունակելու է ներդնել է նոր միջոցներ ու մեխանիզմներ՝ էականորեն դյուրինացնելու քաղաքացիների համար վճարումներ կատարելու պայմանները:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է Ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման ու միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժինների պետերին սեղմ ժամկետում կյանքի կոչել ներկայացված առաջարկությունները:

Ըստ ամենամսյա աշխատանքային խորհրդակցության օրակարգի՝ Արմեն Հարությունյանին են զեկուցվել նաեւ կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող կատարողական գործողություններին առնչվող առանցքային հարցեր, որոնց վերաբերյալ Ծառայության ղեկավարը հորդորել է բաժինների պետերին լինեն խիստ ուշադիր ու հետեւողական:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաեւ այլ հանձնարարականներ: