Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի եւ ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլեւ աշխարհում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«ԱՄՆ Պետական դեպարտամենտի եւ Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները եւս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն եւ տեսանելի իրողությունը։
Այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլեւ Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված եւս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։
Խնդիրը արդիական է նաեւ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների եւ Ադրբեջանի սեւ ցուցակում հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները եւ իրավունքները երաշխավորելու առումով»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 29-ին, ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին առեւանգել էին Թբիլիսիում եւ գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Նա Ադրբեջանից փախել էր քաղաքական հետապնդումների պատճառով: Այժմ Մուխթարլըին երեք ամսով կալանավորել են Բաքվում:





























