Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր` հունիսի 5-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց որպես վկա  հարցաքննել սպանված փորձագետի իրավահաջորդ Մարինե Մկրտչյանին: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեւորգ Զոհրաբյանին, որը Կարենի հարեւանն է եղել: Նա իմացել է, որ Կարեն Վարդանյանը բնակվել է Տաթեւիկ Բեգլարյանի հետ, չնայած փորձագետն աշխատելիս է եղել, սակայն, բնակվել է ծանր սոցիալական պայմաններում: Կարեն Վարդանյանը մոր մահից հետո հաճախ է շփվել Մարինե Մկրտչյանի հետ, վկայի խոսքով, Կարենը եղել է միամիտ եւ բարի մարդ, սակայն, եղել է «ձեռքից պինդ» եւ երբեք հենց այդպես իր բնակարանը ոչ մեկին չէր նվիրի: Անդրադառնալով կատարված սպանությանը` տիկին Մարինեն նշեց, որ իրեն զանգահարել է Կարենի հարեւանուհին եւ ասել, որ ինչ-որ մարդիկ են եկել եւ ասում են, որ գնել են Կարենի տունը եւ պետք է մուտք գործեն բնակարան: Հասնելով Կարենի շենք, տիկին Մարինեն չի կարողացել անձամբ  տեսնել Կարենի տան գնորդներին, սակայն, հարեւաններն ասել են, որ տունը վաճառած բրոկեր Գեւորգ Զոհրաբյանն ապրում է նույն շենքում: Տիկին Մարինեի խոսքով,  Գեւորգ Զոհրաբյանը ունեցել է վախեցած տեսք, բոլոր հարցերին պատասխանել է սուտ եւ խճճվել պատասխանների մեջ: Նա պատմել է, որ Կարենը գնացել է Դուբայ, բնակարանն իրեն է նվիրել եւ ներկայացրել է փաստաթուղթ, որտեղ գրված է եղել, որ Գայանե անունով ոմն մեկն է գնել բնակարանը, մորաքույրը զանգել է գնորդին եւ ասել` հանդիպենք, հասկանանք, թե ինչպես է Կարենը վաճառել բնակարանը նրան, սակայն, գնորդը չի ցանկացել խոսել հետը: 

«Գեւորգն ամեն ինչ սուտ էր խոսում, այնքան շփոթված էր, որ հենց տեսավ ինձ ու ասացի, որ Կարենի մորաքույրն եմ, ասաց` բա որ մորաքույրներ ուներ, ինչու մենք չգիտեինք դրա մասին»,-հիշեց վկան:

Վկան սկսել է կասկածել, որ ինչ-որ բան այն չէ. «Գեւորգը շատ վախեցած դեմք ուներ, չէի մտածում, որ Կարենին կարող է սպանած լինել, բայց գիտեի, որ ինչ-որ բան այն չէ: Հանդիպեցի նաեւ Տաթեւիկի հետ, նա պատմեց, որ Կարենը ֆեյսբուքով նամականեր է ուղարկել, բայց, ինքը չի գրել հաստատ, որովհետեւ այդպիսի անգրագետ ռուսերենով հաստատ նա չէր գրի: Ես վստահ էի, որ Կարենը մի փորձանքի է եկել»,-պատմեց տիկին Մարինեն:

Մարինե Մկրտչյանի խոսքով, երբ պահանջ է ներակյացվել բնակարանից Կարենի իրերը հանել`չի համաձայնել. «Ինձ ասում ա` դու ով ես, ես քեզ երբեք չեմ տեսել, ինչ իրավունք ունես պահանջներ ներկայացնել: Ես թույլ չտվեցի, որ էլեկտրոնիկան հանեն տնից, իսկ մյուս ապրանքն արդեն տարել էր ինչ-որ խոնավ տարածք, իբր ավտոտնակ: Նա անգամ լույս չմիացրեց, որ չտեսնենք, թե ինչ տարածք է»:

Վկայի խոսքով, այնուհետեւ Կարենի ընկերների հետ ոստիկանություն են գնացել, որից հետո պարզվել է սպանությունը:

Փորձագետի սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Զոհրաբյանը վկայի հարցաքննությունից հետո տեղից ավելացրեց` «Ես Կարեն Վարդանյանին մատով չեմ կպել, ոչ էլ մտադրություն եմ ունեցել»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Նշենք, որ Կարեն Վարդանյանի սպանության գործով նիստին ներկա է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ՍԴՀԿ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: