Հունվար- ապրիլ ամիսներին հարկային եկամուտները տարեկան կտրվածքով ավելացել են գրեթե 35 մլրդ դրամով, կամ 10․6 տոկոսով։ Այս հաջողությունը հիմնականում ապահովել են ԱԱՀ-ն (աճ 12․3 մլրդ դրամով), բնապահպանական ու բնօգտագործման վճարները (7․8 մլրդ դրամով) ու եկամտահարկը (4․1 մլրդ դրամով)։ Ավելացել է նաեւ հավաքված ակցիզային հարկն ու շահութահարկը՝ յուրաքանչյուրինը 3․0 մլրդ դրամով։
Պետբյուջեում հարկային մուտքերի դրական շարժին մի շարք գործոններ են նպաստել։ Օրինակ հունվար- ապրիլ ամիսներին մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալը ՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է, 6․2 տոկոսով։ Լճացման երկար ամիսներից ու նույնիսկ ապրանքների վաճառքում գրանցված անկումից հետո ընթացիկ տարվա առաջին ամիսները նշանավորվել են դրական շարժով՝ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ գներով աճել է գրեթե 21 մլրդ դրամով։ Դա էլ իր հերթին կարելի է կապակցել Ռուսաստանից Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի հետ։
Միաժամանակ կտրուկ աճել է ավտոմեքենաների վաճառքի ծավալը՝ մոտ 1․4 անգամ։ Նկատենք, որ այդ ցուցանիշը ներառում է ավտոպահեստամասերի իրացումը, նաեւ մեքենաների վերանորոգումը։ Ավտոմեքենաների վաճառքը ծավալով 13 անգամ զիջում է մենրածախ ապրանքաշրջանատությանը, դրա համար էլ դրա բացարձակ աճը մի քանի անգամ քիչ է եղել՝ ընդամենը մոտ 8․9 մլրդ դրամով։
Նկատենք, որ ֆիսկալ ոլորտոմ կա մեկ մշտական խնդիր՝ պետության հսկայական պարտքերը որոշ հարկատուների նկատմամբ։ Ներկայացնենք 1086 խոշորագույն հարկատուների մասին պաշտոնական տեղեկությունները ընթացիկ տարվա ապրիլի 1- դրությամբ։ Եվ այսպես, տվյալ կոնտինգենտում հարկերի մասով գերավճարը կազմել է 159․5 մլրդ դրամ , այդ թվոմ ԱԱՀ-ով՝ 105․4 մլրդ դրամ։
Ինչպես հայտնի է, ԱԱՀ-ի մասով պետության պարտքը գոյանում է հետագայում արտահանվող ապրանքից այդ հարկի պահման պատճառով։ Պարտքերի մարումը իրականացվում է ամսական կտրվածքով՝ համեմատաբար փոքր գումարներով, ինչը բացասաբար է անդրադառնում արտահանող ընկերությունների ընթացիկ ֆինանսական վիճակի վրա։
Սմբատ Գրիգորյան





























