ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 300 մլն դրամ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«ՀՀ նախագահի նախընտրական խոստումը կատարված է. նախընտրական շրջանում հանդիպումների ընթացքում մարզպետ Ա. Նալբանդյանը ՀՀ նախագահին ներկայացրել էր մարզկենտրոնի ճանապարհների բարեկարգման հարցը: ՀՀ նախագահը հանձնարարել էր գարնանը կոնկրետ ներկայացնել, թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսվում իրականացնել, եւ այժմ, նրա հանձնարարությամբ, գնահատելով մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակն ու քաղաքային բյուջեի սուղ հնարավորությունները, փողոցների բարեկարգման համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ:

Բացի այդ, քանի որ Վանաձորի ճանապարհների բարեկարգման համար միջոցներ են հատկացվել նաեւ հրատապ ծրագրերի շրջանակներում եւ Վանաձորի քաղաքապետարանի բյուջեով, մարզի ղեկավարը քաղաքաշինության վարչությանը հանձնարարել է, Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուների հետ հետեւողականորեն ուսումնասիրել եւ նշված 300 մլն.-ն ուղղել այն ճանապարհների վերնորոգմանը, որոնք վերոնշյալ ծրագրերում ընդգրկված չեն:

Այսպիսով, բացի հրատապ ծրագրերով եւ քաղաքապետարանի բյուջեով մարզկենտրոնի փողոցների բարեկարգման համար նախատեսված միջոցներից, այդ օրախնդիր հարցի լուծմանը կուղղվի եւս 300 մլն դրամ»,-գրել է Մամիկոն Ասլանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ճանապարհները խայտառակ վիճակում են, մասնավորապես, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա եւ Լոռու մարզի  ինֆեկցիոն հիվանդանոց տանող ճանապարհները: Մեծ փոսերի պատճառով տասնյակ մեքենաներ շատ հաճախ հրաժարվում են անցնել նշված ճանապարհներով, իսկ անցնողներն էլ մեքենան  լուրջ վնասում են: Խնդիրը տարիների պատմություն ունի: