1990-2015 թվականների ընթացքում մարդկային զարգացման զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն գրեթե յուրաքանչյուր երկրում խոցելի խմբերը, ինչպիսիք են կանայք ու աղջիկները, հաշմանդամություն ունեցող անձինք, միգրանտներն ու փախստականները, եւ էթնիկ փոքրամասնություններն առերեսվում են խնդիրների, որոնք հաճախ համընկնում են եւ խորանում՝ նվազեցնելով ավելի բարձր կենսամակարդակ վայելող անձանց հետ հավասարվելու հնարավորությունները։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Մարդկային զարգացում բոլորի համար» գլոբալ մարդկային զարգացման զեկույցում:
Ըստ այդմ, նշվում է, որ բազմաբնույթ կառույցների կառավարմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը, եւ գլոբալ շուկան ավելի լավ կառավարելուն ուղղված բարեփոխումները հույժ կարեւոր են իրապես համընդհանուր զարգացման հասնելու համար։
Սրանք 2016թ․ «Մարդկային զարգացում բոլորի համար» զեկույցի հիմնական եզրահանգումներն են, որոնք ներկայացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակում՝ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի մասնակցությամբ։
Զեկույցի տեսլականը հիմնված է 2030թ․-ի Կայուն զարգացման օրակարգի եւ Կայուն զարգացման 17 նպատակների վրա (ԿԶՆ), որոնք 2015թ․-ին ընդունվել են ՄԱԿ-ի անդամ 193 երկրների կողմից։ Զեկույցը կոչ է անում ապահովել արժանապատիվ աշխատանք եւ առաջնային ծառայությունների մատչելիություն, ինչպես նաեւ կարեւորում է խոցելի խմբերի մասնակցության, ինքնավարության եւ որոշում կայացնելու գործընթացներում հնարավորությունների ընդլայնումը։
«Մարդկային զարգացման հայեցակարգը մարդակենտրոն է, եւ մարդը հանդիսանում է դրա շարժիչ ուժն ու շահառուն։ Թեպետ ընդհանուր առմամբ մեծ առաջընթացին, ողջ աշխարհում դեռեւս 200 միլիոն մարդ գործազուրկ են, որոնցից 73 միլիոնը՝ երիտասարդներ։ 2015թ․-ին հակամարտությունների պատճառով 65 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը․ ցուցանիշ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաբարձրն է։ Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է մարդու իրավունքներն ու ներառականությունը, որպես մարդկային զարգացման հիմնասյուներ, դարձնել առաջնայնություն խոցելի խմբերի հզորացման քաղաքականության համար։ 2030թ.-ի օրակարգում ԿԶՆ-երը գլոբալ եւ ազգային մակարդակներում ապահովում են լավագույն հենքը, որպեսզի ոչ ոք անտեսված չմնա» -, ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։
Զարգացող տարածաշրջանների թվում մարդկային զարգացման ամենաբարձր համաթիվն ունի Եվրոպայի եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տարածաշրջանը։ Մարդկային զարգացման համաթիվն (ՄԶՀ) ամփոփ գնահատում է մարդկային զարգացման երեք հիմնական չափորոշիչները՝ երկար եւ առողջ կյանք, գիտելիքի մատչելիություն եւ արժանապատիվ կենսամակարդակ։ Զարգացող տարածաշրջանների մեջ Եվրոպայի եւ ԱՊՀ-ի տարածաշրջանը նաեւ նվազագույն ցուցանիշն ունի անհավասարության առումով՝ ՄԶՀ ցուցանիշից կորցնելով ընդամենը 13 տոկոս։ Թեպետ տարածաշրջանն ունի բարեկեցության համեմատաբար բարձր մակարդակ, զեկույցը փաստարկում է, որ տարածաշրջանում կարող է նկատվել անհավասարության եւ բացառման կտրուկ աճ, եթե միջոցներ չձեռնարկվեն խոցելի խմբերին պաշտպանելու գործազրկությունից, խտրականությունից եւ այլ հարվածներից։
2015թ․ Հայաստանի ՄԶՀ-ի արժեքը 0․743 է, ինչը երկիրը դասակարգում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ 188 երկրների եւ տարածքների թվում զբաղեցնելով 84-րդ տեղը։ 1990-2015 թվականների միջեւ ՄԶՀ արժեքն աճել է 17․2 տոկոսով, կյանքի սպասվող տեւողությունն ավելացել 7․0 տարով, իսկ կրթության ակնկալվող տեւողությունը՝ 2․0 տարով, մինչդեռ մեկ շնչի հաշվով համախառն ազգային արդյունքը գրանցել է 122․0 տոկոս աճ։
Հայաստանի ՄԶՀ արժեքը ցածր է մարդկային զարգացման բարձր համաթիվ ունեցող երկրների միջին 0․746 ցուցանիշից, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջին 0․756 ցուցանիշից։ Հայաստանի հարեւաններ Իրանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ՄԶՀ-ն համապատասխանաբար 69, 70, 71 եւ 78 է, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը 49-րդն է։
2010թ․-ին ներկայացվեց Անհավասարության շտկմամբ մարդկային զարգացման համաթիվը, որը ՄԶՀ-ն է՝ հանած անհավասարությունները։ ։ Անհավասարության շտկմամբ մարդկային զարգացման համաթվի դասակարգման մեջ Հայաստանն ավել լավ դիրք է զբաղեցնում. Հայաստանի ՄԶՀ-ն իջնում է 0․674՝ այսպիսով կորցնելով 9․3 տոկոս։ Բարձր ՄԶՀ ունեցող երկրների միջին կորուստը անհավասարության հանման դեպքում 20 տոկոս է, իսկ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար՝ 12․7 տոկոս։
Վերարտադրողական առողջությանը, հզորացմանն ու տնտեսական գործունեությանը վերաբերող սեռերի անհավասարության տեսանկյունից Հայաստանն ավելի բարձր դիրքում է, քան հարեւան երկրները՝ սեռերի անհավասարության համաթվի արժեքը կազմելով 0․293, որը 159 երկրների թվում 69-րդն է։ Խորհրդարանական տեղերի 10․7 տոկոսը կանայք են զբաղեցնում, իսկ չափահաս կանանց 98․5 տոկոսն առնվազն ստացել է միջնակարգ կրթություն՝ համեմատած տղամարդկանց 98․1 տոկոսի։ Աշխատաշուկայում կանանց մասնակցությունը 54․9 տոկոս է՝ համեմատած տղամարդկանց 73․6 տոկոսի։
2015թ․ ՄԶՀ համաշխարհային վարկանիշում առաջատար հնգյակը կազմում են Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան եւ Դանիան։ Նվազագույն ՄԶՀ վարկանիշ ունեն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Նիգերը, Չադը, Բուրկինա Ֆասոն եւ Բուրունդին։





























