ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 8-ին, մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 6-ից մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նիստին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Տերունական աղոթքից հետո նիստը բացվել է Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով, որից հետո ժողովի հոգեւորական եւ աշխարհական պատգամավորներին ողջունել եւ 6-րդ ժողովին հաջողություններ է մաղթել Հանրապետության նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը, հայրենիքի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստան-սփյուռք կապերի առավել ամրապնդմանը:
































