Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը հունիսի 8-ին կալանավորվել է: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը նշեց, որ իր պաշտպանյալին «Նաիրի» բժշկական կենտրոնից միանգամից տեղափոխել են դատարան եւ կալանավորման որոշում կայացրել:
Արմեն Մելքոնյանի խոսքով, Երեւանի Արաբկիր եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հնարավորություն չի տվել ծանոթանալ գործի նյութերին, իրականացնել անհրաժեշտ պաշտպանությունը. ընդամենը 40 րոպե են տվել՝ պաշտպանությանը պատրաստվելու համար: «Մեզ հնարավորություն չտվեցին մեր պաշտպանությունը կառուցելու, մենք էլ միացանք մեր պաշտպանյալի լռելու իրավունքին: Ես նյութերին լիարժեք ծանոթ չէի, այս շտապողականությունն ո՞ւմ համար էր, ի՞նչ էր նշանակում՝ չհասկացանք»,- ասաց պաշտպանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալն ունի լուրջ հիվանդություններ. «Ողնաշարի ճողվածք, շաքարային դիաբետ, զոբ եւ վերջին դեպքերի հետ ապված կաթված է տարել եւ այս ամենով հանդերձ նրան հիվանդանոցից հրատապ դուրս են գրել եւ կալանավորել»:
Պաշտպանը նաեւ նշեց, որ Աղվան Պետրոսյանը մեղադրվում է երկու դրվագով՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ: Առաջադրված մեղադրանքում Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Նշենք, որ նախաքննական մարմինը միջնորդությւոն է ներկայացրել նաեւ կալանավորել նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին: Վերջինս դեռ չի կալանավորվել, նիստը տեղի կունենա այսօր, ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 դրամին համարժեք 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գ.Գ.-ն 2015 թվականի հուլիսի 1-ին կալանավորվել է:
Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար:
Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Սեւակ Շհոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, դատախազը կալանավորվել է: Նույն գործի շրջանակում մեղադրվում են նաեւ Աղվան Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը:





























