Լոռու մարզում 60 հատ սոճի ապօրինի հատելու համար 9 ամսվա ազատազրկման դատապարտված 32-ամյա Կարեն Սահակյանի դիմել է Վերաքննիչ քրեական դատարան: Նա պահանջում է բեկանել եւ փոփոխել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը եւ իր նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 3 ամիս ժամկետով : ՀՀ քր.օր. 70 հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով :

Նշենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 32-ամյա երիտասարդն ընդունել է մեղքը եւ միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել:

Դատարանը Սահակյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 ամիս ժամկետով, նրան զրկելով ղեկավար եւ նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 /երկու/ տարի ժամկետով: Դատարանը մասնակի բավարարել է նաեւ քաղաքացիական հայցը. 32-ամյա երիտասարդից կբռնագանձվի 2 մլն դրամ: Նշենք, որ ըստ նախաքննության տվյալների՝ Սահակյանը պետությանը պատճառել էր 1.5 մլն դրամի վնաս:

60 հատ սոճի հատած երիտասարդի նկատմամբ խափանման միջոց էր ստորագրությունը չհեռանալու մասին: Նա կալանավորվի, երբ վճիռը մտնի օրինական ուժի մեջ: