Սեւան քաղաքում դադարեցվել է ապօրինի շարժական գազալցակայանների շահագործումը։ ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ Շինարարների փողոցում գործում են ապօրինի շարժական գազալցակայաններ:
Ստացված տեղեկատվության եւ ՀՀ կառավարության հանձնարարականի համապատասխան ՀՀ արտակարգ իրավիճկաների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը ուսումնասիրություններ է իրականացրել դիմունի հետքերով:
Ուսումնասիրության արդյունքում սույն թվականի հունիսի 10-ին եւ 12-ին Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ: Օրենքի համաձայն՝ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման եւ կիրառման պարտավորությունը կրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք, որոնք, մասնավորապես, պետք է արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնեն գրանցման ռեեստրում եւ ապահովեն տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Տեսչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են Սեւան քաղաքի Շինարարների փողոցում վաճառք իրականացնող «ԶԻԼ» մակնիշի երեք մեքենաների վրա վերասարքավորված հեղուկ գազի լցավորման շարժական կայանները: Կայանների գործունեությունը դադարեցվել է եւ արգելվել:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից իրականացվում են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան տույժերի` օրենքի ողջ խստությամբ:





























