Երեւանում շինությունները տձեւացնողներին պետք է հրապարակայնորեն պատժել։ Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ մեկնաբանելով քաղաքների գեղագիտական տեսքը բարելավելու վարչապետի կարգադրությունը։

Մանսարդները, ամբողջ շենքի երկայնքով լրացուցիչ սենյակներ կառուցելը ոչ միայն փչացնում են քաղաքի տեսքն, այլեւ վտանգավոր են սեյսմիկ տեսանկյունից. մեծանում է հիմքի ծանրաբեռնվածությունը։ «Ստատիկական ծանրաբեռնվածությանն այն մի կերպ դիմանում է, իսկ ի՞նչ կլինի դինամիկի պարագայում։ Աստված չանի, երկրաշարժի պարագայում։ Դրանք միայն կուժգնացնեն շինությանն ուղղված հարվածը»,-նկատեց Մինասյանը։ 

Ազդեցիկ միջոց է ցուցադրաբար քանդել բոլոր տձեւ կառույցները։ Իսկ քանդելու համար պետք է վճարի հենց կառուցողը։ «Պարզապես հասարակության մեջ նման բանին հավանություն չեն տալիս։ Մեզ մոտ յուրաքանչյուրն իր չորս պատից ներս թագավոր եւ աստված է։ Խնդիրը հոգեբանության մեջ է, որը պետք  փոխել։ Արեւմուտքում, օրինակ, ծայրահեղ դեպքերում նման ցուցադրական կերպով շինություններն ապամոնտաժում են»,-հավելեց ճարտարապետը։