Երեւանում 2016թ. մարտի 14-ի երեկոյան անչափահասի սպանության գործով ամբաստանյալներ Դավիթ եւ Նարեկ Պետրոսյանները ծեծկռտուքի ժամանակ ինքնապաշտպանվել են: Այս մասին այսօր` հունիսի13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանց շահերի պաշտպան, հանրային պաշտպան Սյուզան Խչեյանը: Նա նշեց, որ քրեական գործի փաստական հանգամանքներից էլ է երեւում, որ եղբայրները ինքնապաշտպանվել են:
«Չնայած մեղադրանք է առաջադրվել սպանության եւ մի քանիսին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքով, սակայն, եղբայրներն ինքնապաշտպանվել են, քանի որ հակառակ կողմը 30-ից ավելի է եղել, դատական քննության ընթացքում գործի հանգամանքները կպարզվեն, կհասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-ասաց նա:
Սյուզան Խչեյանը նշեց, որ դեպքի օրն ընդամենը «տղայական» կռիվ է եղել` ողբերգական ելքով:
«Մենք քրեական գործով ունենք մեկ սպանված, որի հետ չենք կարող հաշվի չնստել, ունենք հինգ հոգի մարմնական վնասվածքներ ստացած անձինք, սակայն, հարցի այլ կողմն է` եղբայրներն են հարվածել, թե ոչ: Նախաքննական մարմինն հաստատված է համարել, որ իրենք են հարվածել, բայց կարող եմ ասել, որ այս առումով բավականին բացեր կան, որոնք դատական քննության ընթացքում կպարզվեն»,-ասաց նա:
Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտի 13-ին` ժամը 21-ի սահմանում Երեւան քաղաքի Սարի Թաղի 5-րդ փողոցի 67 հասցեում գործող թիվ 47 դպրոցի մոտ վիճաբանության, ապա ծեծկռտուքի ժամանակ իրենց հետ նախապես վերցված «Թիթեռ» տեսակի դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածել են անչափահաս Ա. Բաղդասարյանի սրտին, ինչի հետեւանքով կարճ ժամանակ անց նա մահացել է: Բացի այդ դանակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել անչափահաս Սերգեյ Օսիպովին` նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը): Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:





























