ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ հունիսի 13-ին, ընդունել է Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդային:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը այցի համար եւ առաջարկել քննարկել ինչպես առաջիկա միջկառավարական նիստին, այնպես էլ հայ-տաջիկական առտեւտրատնտեսական կապերին առնչվող հարցեր:
Նախարարները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժը՝ մասնավորապես փորձի փոխանակումը զբոսաշրջության, լեռնահանքային, թեթեւ արդյունաբերության, ոսկեգործության ու ադամանդագործության ոլորտներում եւ համատեղ արտադրական կոոպերացիաների հիմնման հեռանկարները:
«Հայաստանը գյուղմթերքի վերամշակման, դրա արտահանման, թանկարժեք քարերի մշակման եւ մի շարք այլ ոլորտներում առաջատար դիրքերում է: Օրինակ՝ մենք ռուսական շուկայում հաճախ ենք տեսնում հայկական գյուղատնտեսական արտադրանք: Կցանկայինք, որ մեզ հետ կիսեք ձեր հաջող փորձը»,-ասել է Տաջիկստանի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:
Նախարարներ Կարայանը եւ Նեմատուլո Խիկմատուլլոզոդան անդրադարձել են հունիսի 14-ին կայանալիք հայ-տաջիկական գործարար համաժողովի կազմակերպչական հարցերին եւ B2B հանդիպումներին:
Սուրեն Կարայանի առաջարկով կստեղծվի նաեւ համատեղ աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը եւ օպերատիվ լուծումներ կտա առաջացած խնդիրներին:
Տեղեկացնում ենք նաեւ, որ այսօր տեղի կունենա նաեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը:





























