Փաստաբանների պալատի մի խումբ ղեկավար անձանց կողմից ապրիլի 27-ին հարձակման եւ դաժան ծեծի ենթարկված Արմեն Սողոմոնյանին եւ Տիգրան Աթանեսյանին որպես... կասկածյալ են ընդգրկել հարուցված քրգործում։
Արմեն Սողոմոնյանը Facebook սոցցանցում հրապարակել է ծանուցագրի լուսանկարը եւ գրառում կատարել. «Այսօր ստացել եմ այս ծանուցագիրը, որից պարզ է, որ իմ եւ Tigran Atanesyan ի նկատմամբ կատարված հանցավոր հարձակման հետեւանքով ես դարձել եմ կասկածյալ. Ավելի մեծ կամայականություն, ապօրինություն քննչական մարմիններից սպասել անհնարին էր. եթե սա նպատակ է հետապնդում ինձ ստիպելու գնալ հաշտության, ապա դա անիմաստ է, իսկ քննության որակի մասին կներկայացնեմ լրացուցիչ՝ մամուլի ասուլիսով»։
«Ինձ եւ Արմեն Սողոմոնյանին կասկածյալի կարգավիճակ տալը պարզապես զավեշտ է եւ ի ցույց է դնում մեր հասարակությանը իրավապահ համակարգի սնանկությունը եւ քննության անկախության բացակայությունը: Եթե սրանով փորձ է արվում մեզ տանել «հաշտեցման», ապա ապարդյուն, եթե փորձ է արվում վախեցնել՝ եւս ապարդյուն: Պայքարելու ենք մեր իրավունքների, փաստաբանության գաղափարի համար առանց նեղվելու եւ առանց հոգնելու: Ճշմարտությունը պետք է բացահայտվի եւ բացահայտվելու է: Որպես փաստաբաններ ունենք նաեւ մեր գլխավոր պարտավորությունը մեր ողջ հանրության առջեւ՝ եթե մենք չկարողանանք պաշտպանել մեր իրավունքները, ապա ո՞վ պետք է պաշտպանի ձեզ»,- նշել է Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն այս փաստն ակնհայտ ապօրինություն է համարում։ «Մեղադրյալը տուժող, տուժողը մեղադրյալ հին հայկական ավանդույթը պետք է դադարեցվի։
Հիմա ավելի տրամաբանական է դիտվում քննչական մարմնի կողմից իրական քննութուն կատարելուց ամեն կերպ խուսափելը, ինչպես նաեւ արդարադատության նախարարի վերջին հայտարարությունը ինչ-որ «կհարթվի»-ի մասին...
Քրեական արդարադատությունը ոչ թե մարդկանց ստիպողաբար «հաշտեցնելու» գործիք պիտի լինի, այլ վենդետաներից խուսափելու համար պիտի ծառայի մեկ նպատակի` հանցանք գործած անձանց համապատասխան պատասխանատվության ենթարկելուն...
Եթե իմ գրասենյակում ինձ հարձակվողին «սատկացնելը» (եթե անգամ իրականում ես արած կինեմ) Քննչական կոմիտեն համարում է հանցագործություն, ապա Քննչական կոմիտեն կարելի է լուծարել»,- նշում է Վարոսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։






























