ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ win-win ռազմավարությունը հաջողության գրավականն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է հետագայում առավել սերտ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ նոյեմբերին Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրման կարեւորությանը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը երկու կողմի համար էլ ունի դրական նշանակություն եւ ընդգծել, որ ստորագրման արդյունքում կողմերի համար ստեղծված «win-win» (երկուստեք շահելով) ռազմավարությունը լինելու է երկկողմ հարաբերությունների հաջողության գրավականը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, փոխանակել կարծիքներ եւ գաղափարներ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանմանն աջակցող ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում կարեւորվել է ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական հասարակությունում ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ճշգրիտ տեսլականի ձեւավորումն ու ընկալումը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ստեղծմանը եւ նպատակներին:

Թոմաս Շրապելը ողջունել է հանձնաժողովի նախաձեռնողական գործունեությունը եւ հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կլինի ակտիվ եւ արդյունավետ: