Երեւանի կենդանաբանական այգին մասնակիորեն փակվել է այցելուների համար։ Դա կապված է այնտեղ ընթացող շինարարական աշխատանքների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Մանե Մադոյանը։
Նրա խոսքով՝ տվյալ պահին տեղի է ունենում վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլը։ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ արտասահմանյան եւ նեղ մասնագետների հետ համատեղ մշակվել են կենդանաբանական այգու շուրջ նոր ցանկապատի գծագրերը, որը նախատեսվում է տեղադրել աշխատանքների տվյալ փուլում։ Ըստ Մադոյանի՝ շինարարական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։
Խոսելով թափառող շների՝ եղջերուների վրա հարձակվելու մասին՝ մամուլի քարտուղարը նշեց, որ այդ խնդրին բախվում են աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն նա խոստովանեց, որ խնդիրն իսկապես գոյություն ունի։
«Ցավոք, կենդանաբանական այգու տարածք թափառող շների ներթափանցումը նոր չէ, քանի որ դրան նպաստող հանգամանքներ կան», - ասաց Մադոյանը՝ հավելեով, որ դրա հիմնական պատճառը կենդանաբանական այգու շուրջ ցանկապատի բացակայությունն է։
Կենդանաբանական այգու ներկայացուցիչն ընդգծեց. «Այս տարածքում շների առկայությունն ունի իր օբյեկտիվ պատճառները։ Հայաստանի՝ անկախություն ձեռք բերելուց հետո այդ տարածքները զավթվեցին կենդանաբանական այգու մերձակայքում բնակվող քաղաքացիների կողմից»։ Նրա խոսքով՝ տարածքների վերադարձից հետո նոր ցանկապատի տեղադրման հետ կապված խնդիրներ ծագեցին։ Այդպես էլ չհաջողվեց խնդիրը լուծել, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի սեպտեմբերից։





























