Կառավարության ծրագիրը իր ոճով, հասցեականությամբ տարբերվում է նախորդներից։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Կառավարության ծրագրի վերաբերյալ մեզ հետ քննարկումներ են եղել եւ վստահաբար կարող եմ ասել՝ համապարփակ ու մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով ու ոլորտային հստակ առաջադրանքներով։  Սա հավակնոտ, լուրջ առաջադրանքներով պարունակող ծրագիր է, թե տարի առ տարի որ ոլորտում ինչ պիտի կատարվի։ Այսպիսի մանրակրկտությամբ, այսպիսի հստակ թիրախներով ծրագիր չկար եւ ոճով,  եւ կարող եմ ասել իր հասցեականության չափելիությամբ տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից»,–ասել է ՀՅԴ պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ ավելի լուրջ խնդիրներ է առաջադրված այս ծրագրում։

Հարցին, թե տասը ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարեն Կարապետյանին որ ոլորտում է հաջողվել առաջընթաց արձանագրել, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց.   «Հայաստանում իսկապես սկսվել են որակական փոփոխություններ մի շարք ոլորտներում՝ հարկային, մաքսային ոլորտներում, տնտեսության տարբեր ճյուղերում իսկապես նախաքայլերն են կատարվում»։ Անդրադառնալով վարչապետի խոստացած 850 միլիոն դոլարի ներդրումներին՝ Աղվան Վարդանյանն ասաց.  «Ներդրումներն արդեն սկսվել են, մի ակնկալեք, որ մեկ օրում ձեր աչքի առաջ 850 միլիոն կտեսնեք։ Խնդիրները, որ ձեւակերպված են, այլընտրանք չկա, պետք է իրականացվեն։ Միեւնույն է՝ ով կիրականցնի։ Մենք  երբեւեէ անձերի մասին չենք խոսել, ասել ենք՝  կարեւորը խնդիրները ճիշտ ձեւակերպելն է»։

Աղվան Վարդանյանը նշել է, թե Կարեն Կարապետյանի եռանդը Դաշնակցության բավարարում է, սակայն իրենց համար միեւնույն է՝ ով հետագայում կշարունակի իրականացնել այդ ծրագիրը։  

«Մեզ համար կարեւոր է, որ այն փոփոխությունները, որ սկսվել են, լուծվեն, անձերը կարեւոր չեն։ ԿարենԿարապետյանի գործունեությունը լիովին բավարարում է Դաշնակությանը»։