ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները վարպետության դասընթաց են անցկացրել միջպետական ճանապարհի Երեւան-Գյումրի հատվածում տեղակայված, արեւային էներգիայով սնվող հիմնական երկու կայանի տարածքում: Գյումրիի «Ֆոտոն» վարժարանն այն ավագ դպրոցներից է, որն ընդգրկված է ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրում եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան յուրացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Ընկերության մասնագետները պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում առարկան դասավանդող ուսուցիչների եւ աշակերտների համար: Տեսական գիտելիքներն ամրապնդելու եւ գործնական հմտություններ փոխանցելու նպատակով, մասնագետները լսարանային դասընթացներից հետո կազմակերպում են շրջայցեր: Որպես գործնական ուսուցման համար այցելության վայրեր ընտրվում են նաեւ կայանների տարածքները:

Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհի երկայնքով գործող հիմնական կայաններն ունեն որոշակի առանձնահատկություն: Դրանց էլեկտրասնուցումը կատարվում է արեւային մարտկոցներից: Սա հրաշալի լուծում է հատկապես նոսր բնակեցված այնպիսի տարածքների համար, որտեղ խնդիր է էներգամատակարարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արեւային էներգիայով սնուցվող կայանների շնորհիվ կրճատում է էներգիայի սպառումը եւ ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված ծախսերը:

«Տեխնոլոգիաների զարգացման դարում ժամն ակնթարթի պես է անցնում: Ամեն օր կարող են ներկայացվել նոր պահանջներ: Պետք է մշտապես պատրաստ լինել նոր լուծումների: Ընդ որում, այնպես, որ դրա հիմքում լինեն նորարարութունը, պահանջարկը, պատասխանատվությունը, բայց ոչ՝ սպառողական մոտեցումը: Արեւային էներգիայով սնվող այս կայանները նման մոտեցման արդյունք են: Այն, ինչ քաղում եք դասընթացներից՝ հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ընկերության կուտակած ավելի քան տասնամյա փորձն է: Գնահատեք այն, շարունակաբար զարգացրեք ձեր միտքը եւ եղեք պատասխանատու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ քառակողմ հուշագրով (ՀՀ ԿԳ նախարարություն, «Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ, «Յունիքոմփ»)  ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, « Հեռահաղորդակցության  հիմունքներ» առարկան 2017 թվականից դասավանդվում է Գյումրիի «Ֆոտոն» եւ Երեւանի «Քվանտ» վարժարաններում, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական եւ  Վանաձորի՝ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցներում, ինչպես նաեւ ՀԱՊՀ՝ Երեւանի տարածքում գործող ավագ դպրոցում: 2018 թվականի ուսումնական գործընթացում կներգրավվի եւս 5 ավագ դպրոց: