Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան Լուի Աթանգանա Ամուգունուին:

Վարչապետը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը եւ անդրադարձել 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Գործադիրի ղեկավարը նշել է, որ իր գլխավորությամբ ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում եւ վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը կներդնի անհրաժեշտ ջանքեր՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Կարեն Կարապետյանի խոսքով, գագաթաժողովը կարող է դառնալ անդամ պետությունների միջեւ փոխգործակցության զարգացմանն ուղղված հարցերի ու ծրագրերի քննարկման լավ հարթակ:

Ժան Լուի Աթանգանա Ամուգունուն ընդգծել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը, եւ վստահություն հայտնել, որ գագաթաժողովը մեր երկրում կանցկացվի լավագույնս: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենը գոհունակությամբ է ընդգծել, որ տպավորված է միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքից եւ նշել, որ Հայաստանում կայանալիք միջոցառումը կդառնա տոն ֆրանկոֆոն ընտանիքի անդամների համար: