«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ  Վարդան Բոստանջյանը կարծում է, որ կառավարության այս ծրագիրը էականորեն չի տարբերվի նախորդից, որը  ներկայացվեց սեպտեմբերին։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ թեեւ ներդրումների ակտիվացումը կարեւորեց վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն  ներդրումների համար համապատասխան երաշխքիներ չստեղծվեցին։

«Ես ուզում եմ մտածել, որ ըստ էության էդ ծրագիրն էլ, որ ուզում են ներկայացնել, էապես չի տարբերվում սեպտեմբերին ներկայացրած ծրագրից, որովհետեւ մենք գործ ունենք այնպիսի համակարգի հետ,  ինչպիսին երկիրն ու տնտեսությունն է, իսկ տնտեսության մեջ շուտափույթ չես կարող կտրուկ փոփոխություն իրականացնել։ Մեր վարչապետը բոլոր դեպքերում ներդրումային քաղաքականության ակտիվացումը կարեւորեց բայց դա էլ  բացահայտում չէ, որ ցանկացած երկիր զարգացումը կարող է ապահովել ներդրումների շնորհիվ»,–ասել է տնտեսագետը՝հավելելով, որ ներդրումների համար երաշխիքներ չստեղծվեցին։

«Մենք չենք կարող վստահ  ասել այդ մասին, որ ներդրումները այն ծավալի են, որքան վարչապետն էր մտածում։ Բոլոր դեպքերում,  այդ  ծավալները մեծացնել հնարավոր չէ։ Ներդրողը պետք է շահ հետապնդի, ներդրումը  բազմագործոն երեւույթ է։ Որպեսզի ամեն ամեն ինչ լինի իհիասքանչ, երաշխիքներ են պահանջվում, մենք դեռեւս չենք ստեղծել համապատասխան երաշխիքներ»,–ասել է պատգամավորը։