ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն, այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին եւ դատավորներին է ներկայացրել Նաիրա Մխիթարյանին:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը բարձր է գնահատել նորանշանակ դատավորի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը եւ հույս հայտնել, որ նա մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կստանձնի դատավորի բարձր կոչումը եւ իր գիտելիքներն ու հմտությունները կներդնի  արդարադատություն իրականացնելու կարեւոր գործում:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում անցկացրել է նաեւ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մասնավորապես անդրադարձել է կոռուպցիոն եւ հակաօրինական դրսեւորումներին: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն անթույլատրելի է համարել ցանկացած նման երեւույթ դատական համակարգում եւ նշել, որ դատական իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ պատասխանատու է եւ պիտի ջանք չխնայի դատական համակարգում կոռուպցիոն դրսեւորումներն իսպառ բացառելու կարեւորագույն գործում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահի 2017 թվականի հունիսի 1-ի հրամանագրով՝ Նաիրա Մխիթարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: