Ներկայումս Հայաստանում շինշիլաբուծության 50-60 տնտեսություն է ձեւավորված, որտեղ առկա է 3000-3200 գլուխ շինշիլա: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Վարդանյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հՀանդիպմանը մասնակցում էին նաեւ նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը եւ Անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը:

Հանդիպման նպատակը Հայաստանում շինշիլաբուծության՝ որպես այլընտրանքային անասնապահության ճյուղի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի քննարկումն էր:

Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը: Նախարարին տեղեկացվել է, որ ներկայումս Հայաստանում շինշիլաբուծության 50-60 տնտեսություն է ձեւավորված, որտեղ առկա է 3000-3200 գլուխ շինշիլա: Առաջիկա մեկ տարում ասոցիացիան նախատեսվում է եւս 1000 գլխաքանակի ներմուծում իրականացնել: Նշվել է նաեւ, որ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Սյունիքի լեռնային գոտում, ինչպես նաեւ Կոտայքի մարզի որոշ հատվածներում պայմաններն ավելի նպաստավոր են շինշիլաբուծության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում շինշիլայի մորթու վերամշակման գործարան հիմնելու, շինշիլաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների հաշվառման, ինչպես նաեւ ուսուցողական դասընթացների եւ խորհրդատվական ծառայությունների կազմակերպման եւ այլ հարցերի շուրջ համագործակցության հարցերին: