ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 16-ին մասնակցել է  Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում կայացած  «Հայաստան - Վրաստան Արեւելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցության» ծրագրի 5-րդ պաշտոնական եզրափակիչ համաժողովին:

Համաժողովին մասնակցել են նաեւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Վրաստանի պատվիրակության նախագահ` Իրակլի Մատկավան:

Համաժողովը մեկնարկել է ցուցահանդեսով, որին ներկայացվել են  «Երիտասարդների զբաղվածության ընդհանուր մարտահրավերների լուծում՝ միջսահմանային միասնական զբոսաշրջություն», «Ը նդհանուր լուծումներ միասնական հիմնախնդիրներին»,  «Հեծանվային եւ գյուղական միջսահմանային միասնական զբոսաշրջություն» եւ այլ ծրագրեր: Հյուրեր շրջել են ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

«Ազդեցություն մարզային կայուն զարգացման եւ միջսահմանային համագործակցության վրա» խորագրով կոնֆերանսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել  Վաչե Տերտերյանը: Ամփոփելով ԱԳՏՀ ծրագրի շրջանակներում Հայաստան- Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի արդյունքները՝ ՀՀ ՏԿԶՆ փոխնախարար Վ. Տերտերյանը նշել է, որ այն զգալի կերպով բարելավել է երկու երկրների միջեւ փոխըմբռնումը, գործարար կապեր ստեղծելով, հիմք դնելով նոր համագործակցային ծրագրերի:

«Ծրագրի մասնակից 9 միջսահմանային թիմերը կարող են հպարտանալ այն նշանակալի ձեռքբերումներով , որոնք նպաստել են սահմանակից մարզերի զարգացմանը եւ զգալի օգուտ են բերել համայնքներին: Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել է Եվրոպական միությունը: Վստահ եմ՝ ծրագրի շրջանակներում համատեղ արձանագրած արդյունքը կարեւոր խթան կլինի տարածքային համագործակցության  հետագա զարգացման համար»,-ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալը: 

Նշենք, որ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրում Հայաստանից ներառված է 9135 քառ.կմ տարածք, իսկ Վրաստանից՝ 12,941 քառակուսի կմ: Ծրագրում ներառվել են հայ-վրացական սահմանի 225 կմ երկայնքով տեղակայված շրջանները՝ Հայաստանի Լոռի, Շիրակի եւ Տավուշի մարզեր եւ Վրաստանի Քվեմո Քարթլին եւ Սամցխե-Ջավախքը: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերին: Համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում եւ Վրաստանում գործող 33 կազմակերպություններից բաղկացած 9 միջսահմանային կոնսորցիումների տրամադրվել են դրամաշնորհեր՝ լուծումներ առաջարկելու տարածքային զարգացման տարատեսակ հիմնախնդիրների: