«Հայկական Գյուղ» թաղամասի կառուցապատման ծրագիրը կարող է դառնալ Երեւանի զբոսաշրջային գրավչություններից մեկը: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է «Դալմա Մոլ» համալիրի հարեւանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետին ներկայացվել են ծրագրի մանրամասները, որով նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաեւ նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Ծրագրին նախորդել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ու Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ եւ այլն)  բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են: Ներկայումս կառուցապատման ներդրումային ֆոնդը գտնվում է  ձեւավորման փուլում, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հողամասերի սեփականատերերը եւ Երեւանի քաղաքապետարանը:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել ծրագրի վերջնական տարբերակը՝ այն ներդրողների հետ քննարկելու նպատակով: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Հայկական Գյուղ»-ը կարող է դառնալ Երեւանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, նպաստել մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը:

Այնուհետեւ Կարեն Կարապետյանն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ծանոթացել վերջինիս արդիականացման ծրագրին, որով նախատեսվում է նոր մոտեցումներով ներկայացնել Երեւանի հիմնադրման պատմությունը: Մասնավորապես, նախատեսվում է այստեղ ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաեւ մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Կարեն Կարապետյանը կարեւորել է ծրագրի իրականացումը եւ առաջարկել այն կյանքի կոչել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:

Վարչապետին մանրակերտերի վրա ներկայացվել են նաեւ մայրաքաղաքի Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաեւ Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները: