Արդեն հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Մեծ Բրիտանիայի օժանդակության ծրագիրը: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում կուտակվել է համագործակցության հարուստ փորձ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման նպատակով ցուցաբերված օժանդակությունը եւ ավելացրել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ՝ հատկապես տնտեսության ոլորտում: Այնուհետեւ Կարեն Կարապետյանն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին եւ  կառավարության գործունեության նոր ծրագրին: Վարչապետն ընդգծել է, որ  կառավարության նոր ծրագրում  հստակ ձեւակերպված են մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը: 

Իր հերթին, Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրթը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է համագործակցելու ՀՀ կառավարության հետ կոնկրետ ուղղություններով եւ տեղեկացրել, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օժանդակության մեծացման ծրագիրը:

Դեսպանն ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների շրջանում մեծ է հետաքրքրությունը մեր երկրի արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում  ներդրումային ծրագրեր իրականացնելու  ուղղությամբ: Ֆարնոուրթը հույս է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 եւ բրիտանական 100 ընկերությունների ներկայացուցիչների միջեւ մարտին  կայացած հանդիպումների արդյունքում կստորագրվեն  բիզնես պայմանագրեր եւ ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվում են կոնկրետ քայլեր:

Կարեն Կարապետյանը կարեւորել է բրիտանական կապիտալի եւ բիզնես կառավարման մշակույթի ներգրավումը Հայաստանում նախատեսվող տարբեր ծրագրերում եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կոնկրետ ուղղություններով ծավալել ակտիվ փոխգործակցություն: