Եվրամիությունը շատ է կարեւորում եւ մտահոգված է Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակով: Հունիսի 20-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` պատասխանելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական անհասցե հայտարարությանը վերաբերող NEWS.am-ի հարցին:
Նրա խոսքով` Եվրամիությունը մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով: «Համանախագահներն այս բավականին բարդ միջավայրում, որտեղ շատ մարտահրավերներ կան, շատ լավ են աշխատում: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հուլիսի սկզբին Հայաստան կժամանի ԵՄ-ի Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը: Նրա այցը այն բանի ցուցադրումն է, որ Եվրամիությունը տարածաշրջանին շատ մեծ նշանակություն է տալիս եւ մտահոգված է այն ամենով, ինչ տեղի է ունենում: Մեր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելն է»,- նշեց Պյոտր Սվիտալսկին` շարունակելով, որ ԵՄ-ը, սակայն, պատրաստ է խաղաղ գործընթացին լրացուցիչ աջակցություն ցույց տալ` ներառյալ հետհակամարտային վերականգնմանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմից հրադադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով շփման գծում գրանցված զոհերին` դեսպանն ընդգծեց. «Եվրամիությունը մտահոգված է իրավիճակով, քանի որ խոսքը մարդկային կյանքերին է վերաբերում, նրանք երիտասարդներ են, որոնց ամբողջ կյանքը դեռեւս առջեւում էր: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մտահոգում են, քանի որ նման խաղաղությունը խոցելի է, հատկապես անցյալ տարվա իրադարձությունների ֆոնին: Ես կցանկանայի ցավակցություն հայտնել ռազմական գործողությունների զոհերի ծնողներին: Եկեք հանուն խաղաղության աշխատենք: Սա տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի համար առաջնահերթություններից մեկն է: Եկեք հույսներս չկորցնենք»,- ամփոփեց Պյոտր Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ի երեկոյան ադրբեջանական կողմը հակատանկային նռնականետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմը խախտել է Ղարաբաղի ՊՆ-ի կենտրոնական հրամանատարության զորամասերից մեկի պաշտպանական դիրքերից մեկի ուղղությամբ: Զոհվել են զինծառայողներ Արայիկ Մատինյանը` 1997 թվականի ծնված, Վիգեն Պետրոսյանը` 1997 թվականի ծնված եւ Վարդան Սարգսյանը` նույնպես 1997 թվականի ծնված: Հունիսի 17-ի առավոտյան Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրագործել, որի հետեւանքով զոհվել է ՊԲ զինծառայող Նարեկ Գասպարյանը` 1997 թվականի ծնված:




























