Wikileaks պարբերականի կողմից հրապարակված՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթերի ուղղությամբ պետք է լուրջ ուսումնասիրություն տարվի եւ այդ փաստաթղթերը պետք է վերլուծվեն, հասկանալու համար, թե այդտեղ ինչն է ճիշտ եւ ինչը` սուտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Ես չեմ հավատում այդ փաստաթղթերի իսկությանը: Իսկ այդ փաստաթղթերի ընդհանուր բովանդակությունը համարում եմ վարվող արտաքին հրապարակային քաղաքականությանը հակասող»,-հայտարարեց Սաֆարյանը: Նա նշեց, որ բացառում է, որ Հայաստանն Իրանին անօրինական զենք վաճառած լինի: «Մեր երկրի կողմից վարվող քաղաքականությունը ուղղակի հուշում է, որ նման բան լինել չէր կարող»,-հայտարարեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Wikileaks-ը հրապարակել է ԱՄՆ Կառավարության 250 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնցից մեկում նշվում է, թե Հայաստանն Իրանին ապօրինի զենք է վաճառել: Այդ փաստն է ապացուցում  2008թ. դեկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նեգրոպոնտեի նամակը, որում առաջարկվում է ԱՄՆ կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմքերը: