Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր տիկնոջ հետ այցելել է Ստամբուլում ներկայացվող Contemporary İstanbul ցուցահանդեսը, որին մասնակցում են աշխարհի 420 արվեստագետներ՝ 2 հազար ստեղծագործություններով։
Թուրքական Hurriye-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսում շրջելու ընթացքում նախագահի թիկնապահները նկատել են, որ Գյուլը եւ տիկինը մտնելու են մի սրահ, որտեղ գտնվում է գերմանացի հայտնի արվեստագետ Թոմաս Բայրլեի Camera delgi sposi (after mantegna) շարքի մի պոռնոգրաֆիկ ստեղծագործություն։
Թիկնապահները մտածել են, որ գեղեցիկ չի լինի, երբ Գյուլին լուսանկարեն այդ ստեղծագործության հետ եւ նախագահին ու նրա տիկնոջը հետ են պահել այդ սրահ մտնելուց՝ ուղեկցելով մեկ այլ սրահ:
Ցուցահանդեսում շրջելիս Թուրքիայի նախագահը նշել է, թե չի սպասել, որ այս ցուցահանդեսը կարժանանա հասարակության լուրջ ուշադրությանը։ «Ես տպավորված եմ՝ այսքան մարդ տեսնել այս ցուցահանդեսում։ Պարզ եմ ասում՝ չէի սպասում այցելության նման բարձր ցուցանիշի»,-շեշտել է Գյուլը։
Նշենք, որ հիշյալ ցուցահանդեսին մասնակցում են նաեւ 4 հայ նկարիչներ՝ Ֆելիքս Եղիազարյանը, Արմեն Գեւորգյանը, Տիգրան Կիրակոսյանը եւ Կարեն Աղամյանը՝ շուրջ 20 նկարներով։




























