ԱՄՆ Պետքարտուղարությունը թույլ չի տա հետագայում գաղտնի փաստաթղթերի արտահոսք: Գերատեսչության ղեկավար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ WikiLeaks կայքի հրապարակած փաստաթղթերի արտահոսքի ճանապարհներն ու պատճառները կպարզվեն:

 «Ես հանձնարարել եմ անել ամեն ինչ, արտահոսքի ուղիներն ու պատճառները բացահայտելու համար, նաեւ Պենտագոնի անվտանգության մասնագետների հետ կարվի ամեն ինչ` մեր ծառայողական նյութերի անվտանգության ապահովման եւ հետագայում նման արտահոսքի բացառման համար», - Պետքարտուղարությունում արած հատուկ հայտարարությունում նշել է Քլինթոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նոյեմբերի 29-ին ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել էր, որ Արդարադատության նախարարությունը կհետաքննի արտահոսքի հանգամանքները, եւ հանցագործության նշանների ձեւակերպման դեպքում քրեական գործ կհարուցի` ծառայողական տեղեկությունների հրապարակման փաստով:

Հոլդերը նշել էր, որ հրապարակումը վնաս է հասցրել ԱՄՆ ազգային անվտանգությանը, սպառնալիքի տակ է դրել ամերիկացի դիվանագետների անվտանգությունը: