Հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը, որն արձակվել է հուլիսի 4-ին, Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Արձակումն իրականացվել է Ռուսաստանի սահմաններից հակառակ ուղղությամբ եւ Ռուսաստանի Դաշնության համար վտանգ չի ներկայացրել: Բալիստիկ հրթիռի արձակումը, որն արձակվել է հուլիսի 4-ին, ժամը 3.46-ին հյուսիսկորեական զորավարժարանից, գրանցվել է եւ դիտվել Հրթիռային հարձակման նախազգուշացման ռուսական համակարգի կողմից: Հրթիռը 535 կմ է բարձրացել եւ անցել է մոտ 510 կմ` ընկնելով Ճապոնական ծովի կենտրոնական մասում: Բալիստիկ թիրախի պարամետրիկ տվյալները համապատասխանում են միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մարտավարական-տեխնիկական բնութագրերին»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը «կարող է հարված հասցնել աշխարհի ցանկացած կետին»: