Հայաստանում խմելու ջուրը գուցե շատ է, սակայն ոռոգման ջուրը քիչ է: Այս մասին հուլիսի 4-ին` ԱԺ նիստում հայտարարեց հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով` Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին է ընկնում 3-3,5 հազար խ.մ. ջուր, Վրաստանում` 6-6,5 հազար, Ադրբեջանում` մոտ 10 հազար: «Այսինքն` մենք խմելու ջուր ունենք, գուցե եւ շատ, սակայն ոռոգման ջուրը չի բավականացնում, ուստի հարցն այսպես չի դրված` ոռոգման համար Սեւանից ջուր վերցնել, թե չվերցնել: Հարցն այն է, թե ինչքան վերցնել, որ լճի էկոհամակարգը չվնասվի: Իսկ լրացուցիչ 100 մլն խ.մ.-ն, որը կառավարությունն է առաջարկում, չեն կարող վնասել, որովհետեւ տարեվերջին լճի մակարդակն այսպես թե այնպես պետք է բարձրանա»,- նշեց Հակոբյանը: