Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի մանրածախ գնի մակարդակը Հայաստանում մնացել է անփոփոխ, իսկ
դիզելային վառելիքինն աճել է 1.4 տոկոսով: 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.6 տոկոս գնանկում եւ դիզելային վառելիքի 6.4 տոկոս գնաճ:
2010թ. նոյեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 1.6 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 5.8 տոկոս գնաճ:
Նշենք, որ Ռուսաստանում եւ տարածաշրջանի մի շարք այլ երկրներում նոյեմբերին տեղի է ունեցել բենզինի 0,5-1 տոկոս թանկացում։ Նոյեմբերի վերջի դրությամբ Ռուսաստանում բենզինի 1 լիտրի սպառողական միջին գինը կազմել է 22,6 ռուբլի (մոտ 260 դրամ)։
Ուկրաինայում եւս բենզինը թանկացել է նոյեմբերի ընթացքում, իսկ ամենաբարձր գինը գրանցվել է Կիեւում՝ 8 գրիվեն 1 լիտրի դիմաց (մոտ 360 դրամ)։
Վրաստանում «Ռեգուլյար» բենզինի 1 լիտրի գինը հասել է 1,8 լարիի (մոտ 370 դրամ), այնինչ տարեսկզբին 1,7 լարի էր։
Երեւանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» մակնիշի բենզինն արժե 370 դրամ/լիտր, «Սուպերը»՝ 390։ Սովորաբար «Ռեգուլյար» բենզինի գինը Երեւանում կախված է դոլարի փոխարժեքից, քանի որ պետք է համարժեք լինի 1 դոլարին։ Սակայն դոլարի վերջին արժեզրկումը բենզինի գնի վրա չի անդրադարձել։





























