Հայաստանի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Մարգոտ Վալստրյոմը հուլիսի 10-ին, ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իր ուղերձում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու երկրների միջեւ հաստատվել է ամուր եւ բարեկամական գործընկերություն, արդյունավետ համագործակցություն, որը ներառում է քաղաքական երկխոսություն, փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում, միջխորհրդարանական կապեր, առեւտուր, մշակութային եւ ակադեմիական փոխանակումներ եւ բազմաթիվ այլ ոլորտներ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի խորացնել եւ ընդլայնել երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն իր ուղերձում, մասնավորապես, նշում է, որ երկկողմ հարաբերությունները դրական հունով են զարգանում: Նրա բնորոշմամբ Շվեդիայի համար կարեւոր է Հայաստանի հետ ընդլայնված համագործակցությունն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Եվրամիության հետ ստորագրվելիք Համընդհանուր եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Նախարար Վալստրյոմը ընդգծում է, որ առկա է հսկայական ներուժ երկու երկրների միջեւ խորացված համագործակցության համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները եւ ազատությունները: Երկխոսությունը երկկողմ եւ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում, ամուր հիմք կծառայի փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար: