ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրի հետ։ Սուրեն Կարայանը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնի կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախարարը դեսպանի հետ քննարկել է երկու երկրների առեւտրատնտեսական կապերն աշխուժացնելու հնարավոր տարբերակները։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում կողմերը մասնավորապես անդրադարձել են զբոսաշրջության ոլորտին։ Դեսպանն առաջարկել է փոխանակվել ոլորտի զարգացման փորձով եւ ծրագրերով, քանի որ թե՛ Հայաստանի եւ թե՛ Իսլանդիայի համար զբոսաշրջության ոլորտը առաջնահերթություններից մեկն է։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Իսլանդիայի Հանրապետության դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրին է ներկայացրել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը։
Նախարարն ընգծել է, որ անհրաժեշտ է կապեր հաստատել Հայաստանի եւ Իսլանդիայի գործարար շրջանակաների միջեւ՝ զարկ տալու առեւտրատնտեսական կապերին եւ առեւտրաշրջանառությանը։




























