Այսօրվա դրությամբ, ԵԱՀԿ-ն մնում է մեր տարածաշրջանում անվտանգության միակ կազմակերպությունը, որն ունակ է մեկ սեղանի շուրջ համախմբել բոլոր մեծ ու փոքր պետոթյուններին, անկախ նրանից, դաշինքի անդա՞մ են նրանք, թե` ոչ: Բազմակողմ անվտանգության նրա հայեցակարգը ներկայումս առավել արդիական է, քան երբեւէ: Այդ մասին ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել է Շվեյյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ եւ արտաքին գործերի դաշնային նախարար Միշլին Քալմի- Ռեյը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:
«Վիեննայի փաստաթղթով մենք արդեն 20 տարի վստահության եւ անվտանգության ամրապնդման միակ գործիքն ունենք: Այդ փաստաթուղթը լրամշակման կարիք ունի»,- ասել է նա:
Քալմի-Ռեյի խոսքով, գագաթաժողովը հարմար ժամանակ է անցկացվում, քանի որ պետություններն ավելի քան երբեւէ ընդունում են բազմակողմ որոշումների անհրաժեշտությունը:
«Մենք նաեւ արձանագրում ենք, որ մեր արդյունքները հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման իմաստով թույլ են: Սակայն ԵԱՀԿ-ն ունի պոտենցիալ, որը լայնորեն չի օգտագործվում»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ գագաթաժողովը վերջին տարիների փակուղին հաղթահարելու անգին հնարավորություն է ընձեռում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:
Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել:





























