Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով Ռուսաստանի ներկայացրած փաստարկները համոզիչ չեն։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, մեր խնդիրն է մշտապես այդ խնդիրը պահել հայ- ռուսական հարաբերությունների օրակարգում ու պարբերաբար բարձրացնել այն։

«Բացատրությունները, որոնք մենք լսում ենք, օրինակ, որ դա բացառապես տնտեսական գործարք է, իհարկե մեր կարծիքով քննադատության չեն դիմանում։ Մենք հնարավորություն ունեցել ենք այդ խնդիրը քննարկել ռուս քաղաքական գործիչների հետ, նրանց մի մասը կիսում է մեր մտահոգությունը։ Հարցն ունի գին ու պետք է արդյոք այդ գինը վճարել հայ- ռուսական հարաբերությունների հաշվին»,- հարցրել է Արմեն Աշոտյանը։ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը,հավելել է նա, ամենաբարդ ու խնդրահարույց հարցերից է հայ- ռուսական հարաբերություններում։