Կորպորատիվ միջոցառումների ընթացքում սթրաթափերները ներդրողներին ու գործընկերներին ցույց են տալիս միայն  իրենց ամենաուժեղ կողմերը. Նրանք բոլորին ներկայանում են այնպես, ինչպես ցանկանում են, որ իրենց տեսնեն։ Եվ միայն ոչ պաշտոնական իրավիճակում, բնության գրկում կարելի է տեսնել սթարթափերի իրական դեմքն ու հասկանալ՝ արդյո՞ք արժե նրա հետ աշխատել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց սթարթափների զարգացման մասնագետ Անիլ Չհիքարան (Հնդկաստան)։

Անիլ Չհիքարան Հայաստան է ժամանել Sevan StartUp Summit 2017-ին մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ Սեւանա լճի ափին առաջին գիշերը արդեն շատերի իրական դեմքը երեւաց։ Երեկոյան բավական ցուրտ էր եւ անձրեւում էր։ Որոշ վրաններ հարմար չէին նման եղանակին. եւ իրերը, եւ վրանների ներսում գտնվող մարդիկ թրջվել էին։ Անիլ Չհիքարայի խոսքով՝ հետաքրքիր էր հետեւելը, թե մարդիկ ինչպիսի վարքագիծ են դրսեւորում նման պայմաններում. ոմանք խուճապի էին մատնվել, ոմանք էլ միանգամից հեռացան։ Երրորդներն ասացին. «Այդպես էլ է պատահում, տեսնենք, թե ինչ կարող ենք անել»։

Մասնագետը նշեց, որ իրենց նախագծերի շուրջ աշխատելիս սթարթափերները սովորաբար նախագծում ու ծրագրում են իրենց գործողությունները, իսկ գործնականում հազվադեպ է ամեն ինչ ըստ ծրագրի ընթանում։ Որպես կանոն, սթարթափերների ճանապարհին խոչընդոտներ են հայտնվում, որոնց մասին չէին էլ կարող մտածել։ Սթարթափերների հետագա հաջողությունը կախված է նրանից, թե ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն դժվարին իրավիճակներում։

«Եթե անձրեւը կարող է վախեցնել սթարթափերին եւ ստիպել լքել ճամբարը, նշանակում է, նա իրական աշխարհում աշխատանքի պատրաստ չէ», - նշեց մասնագետը։ Չհիքարայի խոսքով՝ եթե սթարթափերը ցանկանում է հաջողության հասնել, պետք է պատրաստ լինի դժվարությունների։

«Շատ երիտասարդների թվում է, թե սթարթափը գլամուր է, ուրախ, ցնցող։ Բայց իրականում սթարթափը բիզնեսի ստեղծում է։ Պոտենցիալ հաճախորդների համար միեւնույն է՝ դու կոչվում ես սթարթափ, պատրաստի բիզնես, թե որեւէ այլ բան։ Նրանք կգնեն քո արտադրանքը, եթե դրա միջոցով կկարողանան գումար տնտեսել կամ վաստակել։ Հաճախորդի համար միեւնույն է՝ դու նորեկ ես, թե փորձառու գործարար. նա դիտարկում է քո եւ 10-ամյա փորձով ընկերությունների առաջարկությունները՝ ձեզ միեւնույն չափանիշներով գնահատելով»,-ընդգծեց նա։

Անիլ Չհիքարան հավելեց, որ Հնդկաստանում, որտեղ ներկա դրութամբ աշխարհում մեծությամբ երրորդ սթարթափ էկոհամակարգն է, եւս ծրագրվում է Sevan StartUp Summit-ի նման միջոցառում կազմակերպել։ Եվ դա է Հայաստանում նրա գտնվելու պատճաներից մեկը։  

Հիշեցնենք, որ Sevan StartUp Summit ամենամյա ֆորումը տեղի է ունենում Սեւանա լճի ափին՝ հուլիսի 24-31-ը։ Կամզակերպիչը StartUp Armenia հիմնադրամն է։ Ֆորումին մասնակցում են շուրջ 100 մասնակիցներ, այդ թվում՝ 100 սթարթափներ եւ մշակողների թիմեր, ներդրողներ, վենչուրային ընկերություններ եւ մենթորներ՝ աշխարհ ավելի քան 10 երկրներից։ 

Ֆորումի ֆորմատը յուրօրինակ է. 7 օր շարունակ միջոցառման բոլոր մասնակցիները, այդ թվում՝ մենթորներն ու ներդրողները կիսում են կենցաղը, շփվում, մասնակցում տարբեր մրցույթների ու միջոցառումների։ Արդյուքնում ստեղծվում են  նոր թիմեր, շատ նախագծեր ներդրողներ են գտնում եւ շուկա դուրս գալիս։ Կազմակերպվում են նաեւ ավելի քան 20 գումարային  եւ այլ մրցանակներ նախատեսող մրցույթներ։