«Եթե Առողջապահության նախարարի կողմից ստեղծած հանձնաժողովը պարզի, որ Ալբերտ Աբգարյանի եւ Ծովինար Ղամբարյանի նորածին երեխայի մահվան մեջ իսկապես մեր իստիտուտի մասնագետներն են մեղավոր, ես ոչ մի կերպ չեմ առարկի այդ եզրակացությանը, բժիշկներից որեւէ մեկին չեմ պաշտպանի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը (այստեղ օրեր առաջ թթվածնային քաղցի պատճառով մահացել էր նորածին երեխան)՝ անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի առողջապահության նախարարն օրեր առաջ կատարված դեպքը հետաքննելու համար հատուկ խումբ է ստեղծել եւ անձամբ ինքն էլ ընդգրկվել է այդ խմբում։
«Ինչպես կգտնի հանձնաժողովը, ինչպիսին կլինի հանձնաժողովի եզրակացությունը, մեր ինստիտուտը կհամաձայնի կայացված որոշման հետ։ Մեղավոր անձը կենթարկվի համապատասխան տույժի։ Ես այդ պարագայում ի՞նչ առարկություն կարող եմ ունենալ։ Փաստի իսկությունը կպարզի նաեւ դատաբժշկական փորձաքննությունը, որի արդյունքները պարզ կդառնան երկու շաբաթից»,-ասաց Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն։
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք բուժհիմնարկը Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի անակնկալ այցին եւ նրա՝ փաստին առնչվող հարցերին պատասխանելուն, Ռազմիկ Աբրահամյանը նշեց. «Դրա համար ես ոչ մի հատուկ նյութ չեմ հավաքում։ Հիվանդության պատմագրի մի օրինակ վերցրել է դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինը, մյուսը՝ Առողջապահության նախարարությունը։ Այդ փաստաթղթում ամեն բան արձանագրված է։ Բայց եթե հանձնաժողովը ցանկանա որոշ բաներ պարզաբանել, կպարզաբանենք, իսկ եթե որեւէ պարզաբանման կարիք չլինի, ապա ինչպիսի եզրակացություն կազմվի, այդպես էլ կլինի»:
Նշենք, որ նոյեմբերի 22-ինՊերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտում լույս աշխարհ եկած եւ ծնվելուց 4 օր անց թթվածնային քաղցի պատճառով մահացած երեխայի ծնողները՝ Ալբերտ Աբգարյանը եւ Ծովինար Ղամբարյանը, իրենց նորածնի մահվան մեջ մեղադրում են իստիտուտի բժիշկներին։ Երեխայի մայրը, մասնավորապես, պնդում է, որ եղել են կեսարյան հատում կատարելու բոլոր ցուցումները, որոնք ծնունդն ընդունող բժշկի կողմից, սակայն, հաշվի չեն առնվել։
Անի Ղազարյան





























