«Հայաստանի էլեկտրական ցանցերը» կարող են գրավադրել իրենց բաժնետոմսերը, սակայն միայն Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թույլտվությամբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասացին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։

«Հայաստանի էլցանցերի» սեփականատեր ռուսական «Տաշիր գրուպ» հոլդինգը պատրաստվում է գրավադրել ցանցերի բաժնետոմսերի 70 տոկոսը, որպեսզի դրանց վերազինման համար երկու վարկ վերցնի՝ 80-ական մլն դոլար (Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկից եւ Զարգացման ասիական բանկից)։

Հուլիսի 27-ին բաժնետոսմերի գրավադրումը հավանության արժանացրեց Հայաստանի կառավարությունը։ Բայց «Տաշիր գրուպը» (այսինքն՝ նրա անունից հանդես եկող «Տաշիր կապիտալ»-ը) պետք է փաստաթղթերի փաթեթ ներկայացնի նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ որպես էներգետիկ շուկայի կարգավորող։

«Հիմնավորում կազմելու համար նրանց կարող է եւս որոշ ժամանակ անհրաժեշտ լինել», - նշել են հանձնաժողովում։

«Տաշիր գրուպ»-ի ղեկավարը հայազգի գործարար Սամվել Կարապետյանն է։