«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ արդեն չորրորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը: Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների եւ նորարարական մտածելակերպի զարգացմանը խթանելն է:

Հերթական մրցույթին մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային 25-րդ ճամբարի մասնակցիները. ավելի քան 150 աշակերտ, Հանրապետության տարբեր մարզերից: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ եւ մոտեցումներ:

Մինչեւ մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես ներկայացրել էին նախատեսվող առաջադրանքը.  ուսումնասիրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքը, «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանները եւ պատրաստել բաժանորդների համար առավել գրավիչ պայմաններ ու լուծումներ ենթադրող առաջարկություններ:

Ավագ դպրոցի աշակերտները սահմանված կոնկրետ ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ եւ դրանք ներկայացնեին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բիզնեսը գործում է ոչ միայն գրված օրենքներով: Կան նաեւ էթիկայի եւ պատասխանատվության տեսանկյունից կարեւոր՝ չգրված օրենքներ: Շահում է այն բիզնեսը, որը հաշվի է առնում երկուսը՝ հավասարապես: Առաջադրանքը, որն այսօր ներկայացված է ձեզ, պահանջում է ներկայացնել այնպիսի լուծում, որն ունենա մրցակցային առավելություն, հիմքում հաշվարկված լինի սպառողի հարմարավետությունը եւ համապատասխանի մեր ընկերության արժեհամակարգին: Ծրագիրը կարեւոր հարթակ է նաեւ մասնակից թիմերի համար՝ արագ կողմնորոշվելու եւ բիզնես կառավարման նրբություններին ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականում տիրապետելու համար: Ողջունում եմ բոլորիդ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք եւ հաղթանակ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Առաջարկը մշակելիս ճամբարականները մտածել են ազատ եւ ստեղծագործաբար` հաշվի առնելով հետեւյալ կետերը՝

 

•                    գնային քաղաքականությունը

 

•                     բիզնես շահույթը

 

•                     կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

 

•                     մրցակցությունը

 

Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի քան 150 համայքում՝ «JHM» բարեգործական հիմնադրամի եւ «HSBC» բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 3500 աշակերտի տնտեսագիտական եւ ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդելն է, մասնավորապես՝ գործարար էթիկայի եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին ծանոթացնելը եւ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ընձեռելը:  Ծրագրի շնորհիվ աշակերտները  սովորում են դրսեւորվել որպես ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքում եւ հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 13 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվել են BLU Vivo 5 Mini սմարթֆոններով:

Մանրամասն տեղեկությունները ներկայացված են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության վեբ-կայքում՝ www.jaarmenia.org: