ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի  եւ օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ 21.04.2017թ.-ին «Ուռենի» ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Արկադի Հովսեփյանի եւ նշված համալիրի գույքի պահպանությունն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակից Արման Շարոյանի ու նրա եղբոր միջեւ: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունների հետեւանքով կազմալուծվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը, կոպտորեն խախտվել հասարակական կարգը:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ նշված ռեստորանային համալիրում խնջույքի մասնակցած եւ ոչ սթափ  վիճակում գտնվող Արկադի Հովսեփյանը 21.04.2017թ.-ին` 01:30-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենա պատվիրելու հարցի շուրջ, բակում վիճաբանել է ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության աշխատակից Արման Շարոյանի հետ, այնուհետեւ որդու` Նարեկ Հովսեփյանի հետ ծեծի ենթարկել ոստիկանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ա. Շարոյանն էլ, իր հերթին, անտեսելով իրադրությանը միջամտած անձանց հորդորները, հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել Ա. Հովսեփյանին: Ծեծկռտուքին միացել է նաեւ ոստիկան Ա. Շարոյանի կողմից հեռախոսով դեպքի վայր կանչված վերջինիս եղբայրը` Դավիթ Շարոյանը, ով նույնպես ոստիկանության աշխատակից է, ունի սպայական կոչում: Վերջինս փայտե մահակով հարվածներ է  հասցրել Ա. Հովսեփյանին եւ դիտավորությամբ վնասել նրա եղբոր ավտոմեքենան: 

Դավիթ եւ Արման Շարոյանները ոչ միայն արհամարհել են հասարակական կարգի կոպիտ խախտումը խափանող անձանց հորդորները եւ չեն կատարել խուլիգանական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ վերջիններիս պահանջը, այլեւ հայհոյել եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել նրանց նկատմամբ, դիմադրություն ցույց տվել դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին` շարունակելով խուլիգանական գործողությունները:

Այսպիսով, Արկադի Հովսեփյանին` բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, Արման Շարոյանին` ծեծի եւ մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, իսկ Դավիթ Շարոյանին` ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու եւ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: