Գերմանիայի կառավարությունը պահանջել է, որ Բեռլինում դեսպանատանն առընթեր վիետնամական հատուկ ծառայության ներկայացուցիչը լքի երկիրը 48 ժամվա ընթացքում։ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտնել է, որ այդ քայլի պատճառն է դարձել վիետնամցի կուսակցական նախկին ղեկավարի առեւանգումը, հայտնում է DW-ը։
Ոստիկանությունն ու դատախազությունը կասկածում են, որ 51-ամյա գործարարին, նաեւ մեկ այլ մարդու հուլիսի 23-ին բռնությամբ նստեցրել են մեքենա Բեռլինի Տիրգարթեն թաղամասում։ Բեռլինի դատախազությունը չի հայտնել մանրամասները՝ պատճառաբանելով, որ հետաքննությունը դեռ չի ավարտվել։
Գերմանիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ առեւանգման մեջ կասկածվում է վիետնամական հատուկ ծառայությունը ու այդ կասկածանքները շատ ծանրակշիռ են։ Խոսքը Վիետնամի Կոմկուսի աշխատակազմի նախկին ղեկավար աշխատակցի Չին Սուան Տխանեի մասին է, որի նկատմամբ մեկ տարի առաջ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Նրան զրկել են պատգամավորական մանդատից, իսկ հետագայում հանել կուսակցությունից։ Վիետնամի ոստիկանությունը հուլիսի 31-ին հայտնել է, որ նա կալանավորվել է իր հայրենիքում իշխանություններին հանձնվելուց հետ։
Չին Սուան Տխանին հայրենիքում պատասխանատու են համարում պետական նավթագազային PetroVietnam կոնցերնի կորուստների համար, որոնք կազմել են մոտ 125 մլն եվրո, երբ նա ղեկավարում էր այդ կոնցերնի դուստր ընկերությունը։




























