Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 3-ին, ցուցմունք տվեց ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի ընկերուհին՝ Մարինե Չարչյանը։ Նա նշեց, որ Վլադիկ Մարտիրոսյանն իրեն պատմել է, որ նախկին կինը թույլ չի տալիս տեսակցել երեխային, որի հետեւանքով էլ միշտ հուզված վիճակում է եղել։
«Անընդհատ երեխայի մասին էր պատմում, որ կինը թույլ չի տալիս, որ երեխային տեսնի, որ գնում է երեխային տեսնելու, բայց զոքանչը, կինը ծեծում են իրեն։ Մի անգամ էլ Վլադիկի խնդրանքով զանգել եմ Թագուհուն, բայց նա ասաց՝ թույլ չեմ տա, որ երեխային տեսնի, որովհետեւ ալիմենտները չի վճարում»,-պատմեց նա։
Մարինե Չարչյանը պատմեց, որ մեկ անգամ էլ երեխայի տեսակցության շուրջ Մանսուրյանների եւ Վլադիկի միջեւ միջադեպ է տեղի ունեցել, որից հետո Վլադիկը հուզված է եղել, լացել է. «Ասի՝ ինչի՞ ես լացում, ասաց՝ ես դրանց մորթելու եմ»։
Վլադիկ Մարտիրոսյանը տեղից հայտարարությամբ հանդես եկավ եւ ասաց. «Վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել իմ հասցեին, դրա համար էլ հուզված եմ եղել եւ ասել՝ մորթելու եմ դրանց»։
2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջը։ Զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:
Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:
Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:



























