Մեծ Բրիտանիան արտահանձնել է քենիացի հոգեւորականին, որը պնդում էր, որ երեխա չունեցող կանայք հրաշքի շնորհիվ հղիանում էին: Քենիայում նա դատարանի առջեւ կկանգնի՝ երեխաների առեւանգելու եւ նրանց առեւտրով զբաղվելու մեղադրանքով, հաղորդում է BBC-ն:

Գիլբերտ Դեիին մեղադրում են 1999-2004 թվականների ընթացքում 5 երեխաների առեւանգելու մեջ: Հոգեւորականը, սակայն, հերքում է մեղադրանքները:

Առաջին անգամ Դեին ուշադրություն է գրավել 2004 թվականին: Լոնդոնում եկեղեցի հաճախող անպտուղ կանանց նա վստահեցրել է, որ «հրաշք նորածիններ» կունենան: Սակայն նորածիններին «առաքել» են Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի կլինիկաներից: Երբ հոգեւորականին հարցրել են, թե ինչով է բացատրում «հրաշք նորածինների» եւ նրանց ծնողների ԴՆԹ-ի տարբերությունը, նա նշել է, որ «հրաշք երեխաները մարդկության պատկերացումներից դուրս են». «Չեմ կարող բացատրել, քանի որ նրանք Աստծուց են, իսկ այն ամենը, ինչ Աստծուց է, մարդը չի կարող բացատրել»: