Լուսացույցի համաշխարհային օրը նշում են օգոստոսի 5-ին՝ ի պատիվ իրադարձության, որը տեղի է ունեցել 1914 թվականին: Այդ օրն ամերիկյան Քլիվլենդ քաղաքում ի հայտ է եկել ժամանակակից սարքավորումների նախնին: Այն ուներ կարմիր եւ կանաչ լուսարձակներ, իսկ լույսը փոխելիս ազդանշան էր արձակում:

Իսկ առաջին լուսարձակը հայտնագործել է բրիտանացի Ջեյ Նայթը դեռ 19-րդ դարում: Այս սարքը տեղադրվել էր Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտակայքում 1868 թվականին: Երեք տարի անց այն պայթել է ու վնասել մի ոստիկանի: Այնուհետ շուրջ 50 տարի մոռացել են լուսացույցի մասին՝ մինչեւ 1910 թվականը, երբ մշակվել ու տեղադրվել է առաջին ավտոմատ լուսացույցը՝ երկու գույն ունեցող լուսարձակներով:

Ժամանակակից լուսացույցներն առաջին անգամ ի հայտ եկան Դեթրոյթում եւ Նյու Յորքում 1920 թվականին: Ժամանակի ընթացքում դրանք տարածվեցին Ամերիկայի ու Եվրոպայի տարբեր քաղաքներում: