Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանի հոլդինգը կրկին ցանկանում է ներդրումներ անել «Նաիրիտ» գործարանում։ Օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն ասաց, որ այժմ Գրիգորյանը հավաքել է Եվրոպայից մի քանի ընկերությունների եւ ձեռներեցների, ներառյալ՝ Հարրի Նեւիլին՝ Բրիտանիայից, Ադրիան Վիչիտալին՝ Սլովակիայից եւ Վասիլ Նեդլյակովին՝ Բուլղարիայից։ Ավելի վաղ, 2016 թվականի օգոստոսին Գրիգորյանն արդեն հայտնել էր իր մտադրությունների մասին, սակայն հետագա քայլերի մասին ոչինչ չէր ասել։
Իսրայելյանի խոսքով՝ գործարարների թիմն արդեն հանդիպել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ եւ պատրաստվում է հուշագիր ստորագրել։ Գործարարների գլխավոր պայմանն է՝ չվճարել նախկին սեփականատերերի պարտքերը եւ որեւէ արտոնություն ստանալ։ Իսրայելյանը չասաց, թե ինչպիսի ակտիվներ ու բիզնես նախագծեր ունի Գրիգորյանի հոլդինգը, նաեւ՝ քիմիական արդյունաբերությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովում քննարկվել է գործարանի հնարավոր ներդրողին արտոնությունների օրինագիծը, սակայն ներդրողների բացակայության պատճառով նախագիծը մնաց պահարանում։ «Այժմ հայտնվել ենք մենք, եւ արտոնությունների մասին կարելի է հիշել»,-նկատեց նախկին տնօրենը։
Մոտ ապագայում ընկերությունը ցանկանում է սկսել ձեռնարկության տեխնիկական ու ֆինանսական աուդիտը։ Ֆինանսականը աուդիտը կանցկացնի KPMG-ն, իսկ տեխնիկականը՝ կախված հանգամանքներից։
«Մենք կարող ենք ինքներս էլ անցկացնել։ Մեր ընկերություը՝ «Խիմրեմոնստրոյ»-ը գործում է Բուլղարիայում եւ մեր երկրների քիմիական ձեռնարկությունների հետ համագործակցության փորձ ունի։ Բայց եթե բանկերը, որոնց կդիմի հոլդինգը, նախընտրեն անկախ աուդիտը, մենք կողմնակի ընկերության կհրավիրենք»,-հայտարարեց բուլղարացի ձեռներեց Վասիլ Նեդյալկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է որպես ներդրողներ հանդես եկող ընկերությունների անփութության մասին։ «Նրանք պետք է աշխատեն բնական գազով, բայց նույնիսկ անհրաժեշտ չեն համարում կառավարությանը հարցնել՝ ինչպիսի՞ն կլինի գազի գինն առաջիկա տարիներին»,-ասել է Կարապետյանը դեռ 2016 թվականի սեպտեմբերին՝ հենց Գրիգորյանի հայտարարությունից հետո։
Ի պատասխան այդ հիշեցման՝ Կարեն Իսրայելյանը նկատեց, որ «Նաիրիտ»-ը չի պատրաստվում բնական գազ օգտագործել։ «Մենք բութադիենային՝ ավելի արդյունավետ տեխնոլոգիայով կաշխատենք»,-հստակեցրեց նա։
Վաելի վաղ Իսրայելյանը հայտարարել էր, որ ներդրողները ցանկանում են առաջին 1.5 տարում ացետիլենային տեխնոլոգիայով կաուչուկ արտադրել (տարեկան 8–10 հազար տոննա՝ ինչպես 2000-ականների կեսերին)։ Դրանից հետո կթողարկվի նաեւ բութադիենայինը, որը կարող է արտադրությունը հասցնել 20-25 հազար տոննայի։
Նկատենք, որ բութադիեն ստանում են էթիլային սպիրտից, որն այս պարագայում պետք է մեծ քանակությամբ ներկրել։ 80-ականներին «Նաիրիտ»-ն այն ստանում էր Սումգայիթից, սակայն ԽՍՀՄ-ի փլուզման հետ միասին քանդվեցին նաեւ հումքի օղակները, եւ բութադիենային տեխնոլոգիային մասին ստիպված էին մոռանալ։
Հիշեցնենք, որ 2006 թվականին պետությունը «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառեց Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին։ Դրանից ի վեր ընկերությունը գրեթե երբեք հանրության առջեւ կամ մամուլի համար ելույթ չի ունեցել։ 2006 թվականին ԱՊՀ-ի միջպետական բանկը բացեց 70 մլն դոլարի Rhinoville վարկային գիծը, որն ընկերությունը չփակեց։ 2014 թվականի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարեց բանկի հայցը՝ պարտքերի դիմաց նշված 90 տոկոս բաժնետոմսերն առգրավելու վերաբերյալ։ Բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանել են Հայաստանի կառավարությանը։ 2015 թվականի դեկտեմբերին, բանկի հետ բանակցությունների արդյունքում կառավարությունը ստացավ նաեւ մնացյալ 90 տոկոսը։ Համաշխարհային շուկաներում մեծ պահանջարկ վայելող քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունը չի գործում 2010 թվականի ապրիլից։



























