Շոգի եւ երաշտի պատճառով Հայաստանի ֆերմերները ստիպված են ավելացնել ոռոգման ծավալները: Օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Ջուրը չի բավարարում բույսերին. օդի բարձր ջերմաստիճանի պատճառով այն արագորեն գոլորշիանում է: Ըստ Բերբերյանի՝ խնդրահարույց վիճակ է հատկապես Շիրակի մարզում: «Տարեսկզբից ջրամբարներում ավելի քիչ ջուր է կուտակվել, եւ ոչ ոք չի բացատրում, թե ինչու է դա տեղի ունեցել: Պատկան մարմինները պետք է պարզեն»,- ասաց Բերբերյանը:

Նշենք, որ համեմատաբար բարձր ջերմաստիճանի պատճառով փետրվարին եւ մարտին լեռներում հալչող ձյունը հիմնականում գոլորշիացել է, եւ ջրամբարներում ավելի քիչ ջուր է կուտակվել: